ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ֆայլաբազար»

«Ֆայլաբազար»
22.05.2009 | 00:00

ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ
Ֆինանսական ճգնաժամը հարվածեց ինչպես բիզնես-հսկաներին, այնպես էլ օրվա հացի փող վաստակողներին։ Եթե խոշոր կազմակերպությունները պայքարում են եկամուտները չկորցնելու և վերականգնելու ուղղությամբ, ապա շատերի համար սա գոյատևման, պարզապես սոված չմնալու խնդիր է։
Մանրավաճառ Անահիտ Տասչյանը ճգնաժամից առաջ նույնիսկ չի էլ մտածել փողոցային առևտրով զբաղվելու մասին։ Հիմա նա վաճառում է ծիրանի, շլորի ցոգոլներ, արևածաղիկ և, օրական վաստակելով 300-400 դրամ, հացի խնդիր է լուծում։ Նույնն էլ` Մանուշակ Սարգսյանը։

«Վիճակներս շատ վատ ա, չենք կարում ապրենք,- ասում է նա։- Մեծ կնիկ, հիվանդ կնիկ` եկել եմ ստեղ աշխատում եմ, էն էլ օրը 500 դրամ տուն տանես, թե չէ։ Տունը պեսոկ չկա, ուտելու բան չկա` երեխեքը ցամաք հաց են ուտում։ Ցամաք հացի փող եմ աշխատում։ Ճգնաժամից առաջ լավ էր, գոնե 700-800 դրամ առնում էի։ Հիմա ընդհանրապես ոչ մի բան չկա։ Առավոտվանից 3 բաժակ սեմուշկա եմ ծախել»։
Այս մարդիկ ոչ միայն գումար չունեն, այլև տրամադրություն ու նյարդեր։ Հարցումների ընթացքում հաճախ էին ասում. «Մի ջղայնացրու, խոսալու հավես չունեմ»,« իմ հետ գործ չունես»։ Անահիտ Բաբուջյանը, սակայն, ի տարբերություն մյուսների, այնքան էլ հոռետես չէր։ Ամբողջ օրը նստած է կշեռքի մոտ, որի վրա կշռվելն ընդամենը 20 դրամ արժե։
«Առաջ էլի գործ-մործ լինում էր, հիմա` չէ։ Էս կշեռքի մոտ սաղ օրը պարապ նստած նեղվում եմ։ Ճգնաժամից առաջ ձեռքի հետ ուրիշ գործ անելով 2500-3000 առնում էի, բայց հիմա 500 դրամ առնեմ, թե չէ։ Օրական մի ձու, մի կտոր հաց գտնում, յոլա ենք գնում»։
Ապագայի ու ներկայի հանդեպ անորոշ տագնապով էր համակված տոպրակներ վաճառող մի թոշակառու կին, որը նույնիսկ չցանկացավ ներկայանալ։
«Ո՞նց ապրեմ, ասա` տենամ,- դժգոհեց տարեց կինը։- Առավոտվանից 20 դրամ եմ աշխատել։ Քսան հազար դրամ թոշակը հլը չվերցրած` փոշտում կոմունալ վարձերը մուծում, գալիս եմ։ Օրը 10 հատ ցելաֆոն հազիվ ծախեմ։ Ամեն մեկից էլ 20 դրամ է մնում։ Սովետի վախտով էլի աշխատում, ապրում էինք, բայց հիմա...»:
Հիմա պետք է ճակատագրի հետ կռիվ տալ ու համառել, ինչպես դա անում է փողոցում 7 տարի երգող Հայրապետյան Քաջիկը։ Իր խոսքերով` նա պատրաստ է մրցել յուրաքանչյուր գուսանի հետ։ Դեռ հաղթանակի բերկրանքը չի վայելել, բայց զարմանալ հասցրել է. «Մեխանիզմը, որ մեխանիզմ ա, մաշվում ա, իսկ ես... Յոթ տարի դրսում եմ երգում։ 30 աստիճան մառոզին էլ երգել եմ, բայց էլի... Երևի Աստված ա իմ մեջքին կանգնած»։
Աստծո օգնությամբ է փրկվել փողոցում ձեռքը գիպսի մեջ փող մուրացող տասնամյա Հովսեփ Գալստյանի 19-ամյա քույրը։ «Քույրս հիվանդանոցում տաք ջրից վառված, պառկած ա։ Մենք էլ մամայիս ու ախպորս հետ փող ենք հավաքում, գնում ենք բան-ման ենք առնում, իրան ենք տանում»։
Հովսեփից ընդամենը երկու տարով է մեծ Կիլիկյան Իսահակը։ Վերջինս արդեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում և որոշել ոստիկան դառնալ, քանի որ լսել է` «նրանց գործը լավ ա»։ Իսահակն օգնում է ընտանիքին։ «Դասից հետո մինչև գիշերվա տասներկուսը աշխատում եմ։ Ծաղիկ եմ ծախում, սեմուշկա, տարբեր բաներ»,- ասում է տասներկուամյա տղեկը։
Ամենակրտսերներից անցնենք ամենատարեցին։ Դժվար է սովետական բարքերին վարժված մարդկանց համար համակերպվել ազատ շուկայի թելադրած կանոններին։ 86-ամյա Թասալյան Լենան նրանցից մեկն է։
«Ոչ տուն ունեմ, ոչ տեղ,- ասում է,- 50000 դրամ տան վարձ եմ տալիս։ Հիվանդ աղջիկ ունեմ` երկրորդ կարգի հաշմանդամ։ Ես էլ եմ հիվանդ, եկել եմ ստեղ կանգնել, որ գոնե մի կտոր հացի փող աշխատեմ։ Էս փող հավաքելն անամոթություն ա, խուժանություն։ ՈՒղղակի հաց չունեմ, ստիպված եմ եկել... Սաղ կյանքս աշխատել եմ»։
Ճգնաժամից հետո ավելացել է նաև «ֆայլաբազարում» գործ փնտրողների թիվը։ Նրանցից շատերը վերջին ամիսներին են կորցրել աշխատանքը։ Հիմա, ինչպես իրենք են ասում, սոված-ծարավ սպասում են հավանական գործատուի հայտնվելուն։ Գործազուրկներն իրենց պահանջն ունեն կառավարությունից.
«Մեր դեպուտատները գնում, աշխարհը ման են գալիս, հետո ասում` ստեղ ստորագրեցինք, էս պայմանագիրը կնքեցինք։ Ա՛յ մարդ, մի գործարան, հիմնարկ ստեղծեք, էթանք աշխատենք, որ մեր երեխեքը սոված չմնան»,- ասում է 60-ամյա Գյուրջյան Արեգը։
Արդեն պարզից էլ պարզ է, որ կառավարության այն հայտարարությունները, թե մեր երկիրն ամենաքիչը կտուժի կամ ճգնաժամը մի մեծ ալիքի պես կանցնի մեր երկրի վրայով, անհեռատես կանխատեսումներ էին։ Հիմա պետք է հակաճգնաժամային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որոնց շունչը դեռևս չի զգացվում։ Իսկ ճգնաժամի ավարտի մասին խոսակցությունները և թունելի վերջում նշմարվող լույսն առայժմ ոչ թե փրկության փարոս են, այլ անարգել սլացող ճեպընթաց։
Մանվել ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 4778

Մեկնաբանություններ